ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մեր տան բանալին տալիս ենք մեր թշնամուն

Մեր տան բանալին տալիս ենք մեր թշնամուն
29.08.2026 | 11:33

100 և ավելի տարի անց հայ ժողովուրդը կրկին ցեղասպանության է ենթարկվում աշխարհի անտարբեր աչքի առաջ։ Ցավալի է։

Բայց եթե 1894-96 թվականներին Օսմանյան կայսրության որոշ շրջաններում, ապա 1909 թվականին Ադանայում եղան հայերի կոտորածներ, և այս ամենի գագաթնակետը 1915 թվականի հայերի զանգվածային բնաջնջումը եղավ, պատճառն այն էր, որ մենք չունեինք պետություն, որը նախ իր ռազմական ուժով կկանխեր այդ աղետը, ապա նաև թշնամու առաջին իսկ փորձից հետո քաղաքական և դիվանագիտական հզոր հարվածով վերջնականապես կկասեցներ նրա թշնամական ու տարածքային նկրտումները հայ ժողովրդի և նրա Հայրենիք-պետության հանդեպ։

1991 թվականից մենք վերաստեղծեցինք Հայոց նոր պետականությունը և 35 տարի՝ մոտ կես դար ժամանակ և հնարավորություններ ունեինք կայացնելու մեր Պետությունը և հզորացնելու այն ամենը, ինչը պետության կայունության, հզորության և միջազգային ասպարեզում բարձր հեղինակության գրավականը կլիներ։ Բայց մեր երազանքների Պետությունը կառավարեցին դրսից ղեկավարվող ապիկար և քաղաքականապես անգրագետ դրածոները։

Սակայն այստեղ կա մի նրբություն․ եթե պետության կառավարման ղեկին հայտնվում են ազգաշահ և հայրենասեր մարդիկ, գլուխը քարը, թե կառավարման փորձ չունեն, նրանք պետք է իրենց շուրջը հավաքեն մեր երկրում և աշխարհում հայտնի ու փորձառու հայ քաղաքական գործիչների, տնտեսագետների և պետական կառավարման այլ ասպարեզներում ակնառու փորձ ունեցող մարդկանց՝ մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով։ Սակայն մեր երկրում եղավ պետության դեմ մեր թշնամիների ծրագրած և մշակած դավադրություն։

Մանրամասներին չեմ անդրադառնա, թե նրանցից ով և ինչպես մեր Հայրենիք-պետությունը քանդեց ու թուլացրեց ներսից ու դրսից․ այդ ամենի ականատեսն ու տուժածները բոլորս ենք՝ գումարած երկու նոր սերունդները, որոնցից մեկը ծնվեց, հասցրեց մեծանալ և մեկնել ծառայության բանակում, զոհվել կամ խեղվել մարմնով կամ հոգեբանությամբ։ Այսօր այդ ամենի համար ոչ մի նախագահ և վերջին վարչապետը իրավական պատասխանատվության չեն ենթարկվել։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ մեր ժողովրդի 90 տոկոսը դրա վկան է, այսինքն՝ հանցանքն ակնհայտ է։

Արցախի հարցի այսպիսի կայծակնային շրջադարձը դեպի կործանում, համոզված եմ, շատ քաղաքական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ և քաղտեխնոլոգներ չէին կռահում, մինչդեռ 2020 թվականի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ուժերի ոչ համարժեք պայմաններում պատերազմը և դրա կայծակնային դադարեցումը արտաքին ուժերի միջամտությամբ 44-րդ օրը և իբր եռակողմ հայտարարությամբ ստորագրված հրադադարը պետք է սթափեցնեին բոլորիս և առաջին հերթին առողջ քաղաքական ուժերին։ Սակայն դրա փոխարեն սկսվեց այդ ուժերի պառակտումը և նախկինների ու նորերի բացահայտ քաղաքական խաղը․ մի կողմը՝ իշխանությունը պահելու, մյուս կողմը՝ թալանածը պահելու։ Եվ սկսվեց ընդդիմություն-իշխանություն բեմականացումը։

Դեռևս 2020 թվականի այդ չարաբաստիկ դավադրագիրը ստորագրելուց 4 օր անց՝ նոյեմբերի 13-ին (հղումը ՖԲ-ի իմ էջում առկա է այդ տարեթվով և ամսաթվով), եu հրապարակեցի հետևյալ բովանդակությամբ իմ գրառումը․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն հրաժարվում էր Արցախի անունից բանակցել թշնամու հետ՝ պատճառաբանելով և փաստարկելով, որ ինքը լիազորված չէ Արցախի ժողովրդի կողմից, քանի որ իրեն վարչապետ նրանք չեն ընտրել։

Այդ դեպքում նա իր ո՞ր լիազորություններով Արցախի Հանրապետությունն ու նրա ժողովրդին տարավ կապիտուլյացիայի։

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ պաշտոնապես պատերազմի մասնակից կողմ չի եղել։

Այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանն ինքն իրեն հռչակեց Արցախում ռազմական գործողությունների գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանությունը տարավ պարտության և այդպիսով Հայաստանը տարավ կապիտուլյացիայի՝ տարածքային կորուստներով, սահմանագծման ու սահմանազատման և խաղաղության պայմանագրի ստորագրման պարտադրանքով։

Ինչո՞ւ պիտի Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեր հայ ժողովրդի, Արցախի և մեր պետականության լինել-չլինելու ճակատագիրը»։

Մեկ տարի անց այս նույն հարցադրումների հիմքով հոդված գրեցի, որը հրապարակվեց «Հրապարակ» թերթում՝ հետևյալ հղումով։

Հենց միայն այս երկու հանցագործությունների համար պետք էր նույն՝ նոյեմբերի 10-ին Փաշինյանի դեմ քրեական և Հայրենիքի դավաճանության հանցակազմով գործ հարուցվեր։

Նույն այդ օրը պետք էր ստեղծել ժամանակավոր Կառավարություն՝ առանց ՔՊ-ին խոնարհված քաղաքական ուժերի և նախկինների մասնակցության, որը, իբր թե ընդդիմություն է, 6 ամիս Երևանի փողոցները վարել-քանդելով հանրահավաքներ էր անում, հետո հաստատ մի հրահանգով, փողոցի փոշին վրայից թափ տալուց հետո, գնաց-նստեց ԱԺ-ի իր անվտանգ աթոռներին, ստացավ իր աշխատավարձը և ժամանակ առ ժամանակ երկրում քաղաքական մթնոլորտն էր թունավորում՝ իբր թե հակադրվելով Նիկոլին, մինչդեռ նրանք միասին են մասնակցել այդ սցենարի մշակմանը։

Կարելի է երկար գրել այդ մասին, բայց նյարդերս չեն դիմանում, և հետո՝ ո՞վ է կարդում և վերլուծում, որ հասկանա, թե ի՞նչ են արել նախկիններն ու այս նորելուկ դավադիրները։

Թեև հիմա էլ ուշ չէ ժամանակավոր Կառավարություն կազմավորել և օրենքի ուժով հրաժարականի հետ մեկտեղ դատական գործ հարուցել նախ՝ Նիկոլ Փաշինյանի, ապա բոլոր նախկինների դեմ։ Եվ այն քարոզչությունը, թե այս խառնակ իրավիճակում չի կարելի իշխանափոխություն անել, դա փաշինյանական հերթական մանիպուլյացիան է։

Բա ե՞րբ է կարելի իշխանափոխություն կատարել․ երբ պետությունը հզո՞ր է, ժողովուրդն ապրում է խաղաղ ու բարեկեցի՞կ, իշխանության գլուխ կանգնած պաշտոնյաները հայրենասեր, բանիմաց և պետականամետ մարդի՞կ են։

Միայն թշնամին իր գործակալներով կձգտի թուլացնել ու կործանել իր հակառակորդ հզոր պետությունը։

Մենք ունենք մի դուռ, որը դրսից փակել են մեր թշնամիները, իսկ ներսից էլ մենք ենք փակել՝ իբր ապահովության համար։ Մենք այս աղետալի վիճակից դուրս գալու մի հնար ունենք․ ուրեմն, Հայաստանի և Սփյուռքի բանիմաց և ազնիվ մեր հայրենասեր հայրենակիցներ, միաբանվե՛ք Վուդրո Վիլսոնի մշակած և եվրոպական պետությունների կողմից հաստատված Իրավարար վճռի շուրջ և հենց ժամանակավոր Կառավարության անունից դիմե՛ք ԱՄՆ-ին և եվրոպական պետություններին, որոնց ստորագրությամբ այդ փաստաթուղթը ստացել է անժամանցելի, կատարման համար պարտադիր ուժ։

Հավատացե՛ք, Թուրքիան սարսափում է Իրավարար վճռի քաղաքական ասպարեզ գալուց․ այս պատերազմները Թուրքիայի հրահրմամբ և անժխտելի օժանդակությամբ եղան, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդը վերջնականապես ջախջախվեն և երկար ժամանակ կամ, գուցե, ընդմիշտ մոռանան այդ փրկարար բանալու մասին, որը կբանա մեր Մեծ Տան դուռը, որը դրսից մեր թշնամիներն են փակել, իսկ ներսից՝ մենք, սակայն դարձյալ մեր թշնամիների հանձնարարությամբ։

Մենք իրավունք չունենք թուլանալու, ամեն 100 տարին մեկ ցեղասպանության ենթարկվելու։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր սերունդների և մեր Հող Հայրենիի առաջ։ Անհայրենիք մարդը, անկախ նրա ազգային պատկանելությունից, կամ նա, ով չի ձգտում վերականգնել իր դարավոր Հայրենիքը, մարդ չէ, այլ կենսաբանական էակ է, որի համար միևնույնն է, թե որտեղ կուտի և կբազմանա։

Մենք՝ հայերս, ունենք Հայրենիք, ունենք պետություն՝ առայժմ մեր Հայրենիքի փոքր հատվածի վրա։ Վաղուց է պատմությունն ապացուցել, որ աշխարհում ամենաանկայուն բանը պետությունների քաղաքական քարտեզներն են, որոնք առնվազն դարը մեկ պատառոտվում են։ Մենք հիմա ապրում ենք այդ ժամանակներում։ Կան պետություններ, որոնց քաղաքական քարտեզները գծված են մեր Հայրենիքի տարածքների վրա։ Այստեղից՝ հետևություն․

Անհապաղ վերականգնել Վիլսոնյան Իրավարար վճռի ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՆ։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ